18 Oct

Ես շատ եմ սիրում ֆուտբոլ։ Սիրում եմ ոչ միայն հետևել, այլ նաև մասնակից լինել խաղին։ Իմ ամեն հանդիպումը գնդակի հետ ինձ բերում է անսահման ինքնավստահություն և բավարարվածություն։ Ես սիրում եմ ֆուտբոլը, այո՛, բայց ցավալին այն է, որ իմ ընտրությունը երբեք ու ոչ ոքի չի գոհացրել։ Այն միայն հիասթափեցրել է, վանել։ Ինչու.

Ես երկար կարող եմ խոսել իմ մասին, բայց այս պատմության հերոսը ես չեմ։ Շատ կուզենայի ինքս լինել իմ հերոսը, բայց կարծում եմ դեռ այնքան խիզախություն ու համառություն չեմ դրսևորել, որքան այն աղջնակը, որի մասին խոսելու եմ։

Մինչ իմ հերոսուհուն կներկայացնեմ կուզեի խոսել ևս մի բանի մասին։ Ինչպե՞ս է վերաբերվում հասարակությունը ֆուտբոլով հետաքրքրվող կանանց և աղջիկներին։ Կրկին ներկայացնեմ իրավիճակը սեփական օրինակով։ Մեր ֆուտբոլային «հանդիպումների» ժամանակ դաշտում խաղացող միակ աղջիկը ես եմ։ Իմ բնակավայրում ես միակն եմ իմ տեսակի մեջ։ Ավելի ճիշտ իմ համարձակության մեջ։ Խաղերից հետո շատ հաճախ եմ լսում այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են՝ «աղջկան հարիր չէ՛», «ամո՛թ է», «ի՞նչ գործ ունես տղաների շրջապատում» և այլն։ Կարող եմ այսպես անթիվ, անհամար արտահայտություններ թվել, որոք ինձ համար չունեն ոչ մի նշանակություն, քանի որ ես հաստատուն եմ իմ որոշումների և ընտրությունների մեջ։


Նկարը Աննա Դալլաքյանի ֆեյսբուքյան էջից


Կանանց ֆուտբոլի ամերիկացի հայտնի մարզիչ Անդրեա Մոնտալբանոն կարծում է, որ աղջիկները ևս պիտի խաղան ֆուտբոլ, քանի որ այս խաղն օգնում է դառնալ ավելի ինքնավստահ։ Նա նախկին ֆուտբոլիստուհի է և, հավանաբար, ևս բախվել է այն պատնեշներին, որոնց այսօր բախվում ենք մենք։

Իսկ դու ճանաչո՞ւմ ես ֆուտբոլիստուհիների: Հավանաբար ոչ: Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչու:

Իսկ ճանաչո՞ւմ ես ֆուտբոլիստների: Գիտեմ, որ պատասխանդ դրական պիտի լինի: Քո երևակայական պատասխաններից կարող եմ եզրակացնել, որ Հայաստանում կանանց ֆուտբոլը չունի լայն տարածում: Տադադադամ…. Հասանք այն թեմային, որի մասին կուզեի երկար զրուցել քեզ հետ: Հայ կինը կամ աղջիկը, ով իր կյանքը կապում է ֆուտբոլի հետ գրեթե չունի մեծ հաջողությունների հասնելու շանսեր: Կարիք կա՞ սա ապացուցելու, թե ինքդ էլ ընկալում ես հայ ֆուտբոլիստուհիների ծանր դրությունը: Ես ֆուտբոլով զբաղվում եմ սիրողական մակարդակով, բայց սա ինձ համար միևնույն է շատ ցավալի թեմա է: Դե հիմա պատկերացրու մի աղջկա, ով ուզում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, բայց նրա առաջ բոլոր դռները փակ են: Նրա բոլոր երազանքները մի վայրկյանում փշրվում են և նա տարիներ հետո ափսոսանքով է հիշում իր կորցրած նպատակը: Պատկերացրեցի՞ր: 

Իմ նպատակը պայքարն է: Հիմա կհարցնես` ի՞նչ պայքար: Եթե ժամանակին կանանց ֆուտբոլով հետաքրքվեին, հետաքրքրությունը կվերածվեր սիրահարվածության, որն էլ կբերեր այս ոլորտի աննախադեպ զարգացման և այսօր այն աղջնակի երազանքները չէին փշրվի: Նա միգուցե այլևս չկարողանա վերագտնել իր երազանքները, բայց կարող է թույլ չտալ, որ ուրիշները կորցնեն իրենցը: Դրան հասնելու միակ եղանակը պայքարն է: Պայքարը հասարակական կարծիքի, կարծրատիպերի և ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ:

Իմ հերոսուհին Դալլաքյան Աննան է, ով բավական երկար ժամանակ զբաղվում է ֆուտբոլով: Աննայի հետ զրույցից հետո ինձ համար պարզ դարձավ, որ նա էլ է բախվել շատ պատնեշների: Նա էլ է փորձել կոտրել կարծրատիպերը և ապացուցել աշխարհին, որ կինն էլ կարող է ապրել ֆուտբոլով: Ինչ որ առումով նրան դա հաջողվել է: Նա օրինակ է բոլոր այն աղջիկների ու կանանց համար, ովքեր համարձակություն չունեն հաղթահարել այն պատնեշները, որոնք ամենևին էլ անհաղթահարելի չեն:



Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING